Սերը կրքով վարակած՝ Մահ-անդընդի պըռնկին - Կյանքը թել է բարակած՝ Կապված բախտի իլիկին: Անց են կենում հարակա Կյանքի թելով այր ու կին – Մեկն իր բախտը շալակած, Մեկն իր բախտի շալակին:
*** Ո'րդ, ճաշակիր միրգը ծառի՝ հասունացած, համեղ, Վաղը պիտի կտցահարի մի հավք խեղճիդ անմեղ, Հետո հավքը կեր կդառնա մարդուն՝ կյանքն է այդպես, Ապա՝ մարդը որդի բաժին... Մահն արդար է, ահեղ:
*** Գիշերն այն նույնն ունի, մարդ, ինչ թողել է ցերեկը, Այսօրն թե բան չունի՝ տա, ի՞նչ պիտի տա երեկը: Ժամանակն է մաշել, տե'ս, մեր գալիքը՝ դեռ երեկ, Այսօր կեսն է մնացել, բայց վաղը՞, գուցե՝ չորեքը:
*** Ոսկի օրեր են անց կացել, մաշվել են ոսկի շորեր, Մեկն իր հինն է կարկատել, մեկն երազում է նորեր, Մի տեղ գանձ է գտել մարդ, մի տեղ թողել է պատիվ, Այնքան գանձ չէ գտնվել՝ ինչքա՜ն պատիվ է կորել:
Լոռվա աստղ վեհափայլ, լույսի կանթեղ ես ոսկի, Ադամանդի գին ունի միտքն իմաստուն քո խոսքի: Դու կդառնաս մի օր կավ, բայց գանձերդ հարակա Պիտի ապրեն ու դառնան հավերժություն բանական: