Генрих Бабаджанян » 23 фев 2009, 02:24
ԱՇՈՒՆ
Մայրացա՜ծ աշուն...
Մրգառա՜տ, նախշուն
Ակունք պատրանքի,
Մոր ծաղկաժպիտ մրգով լի գոգնոց,
Հանգրվան սիրո ու կախարդանքի:
Մայրացա՜ծ աշուն...
Մայրացած այգու մրգածոր լայնքով
Ուռին հենակ է դարձել դեղծենու
Ճկված ճյուղերին հոր կարեկցանքով:
Դեղծը ոսկեթեղ,
Հյութալի՜, համե՜ղ՝
Թշին համբյուրը Արևի շողի,
Այքա՜ն է հասել,
Որ ահա պիտի
Դեղծենուց պոկվի,
Ու ընկնի գիրկը իր ծնող Հողի:
Խաղողն է հասել՝ նմանվել խնկի:
Այգեպանը ծեր,
Ինչպես սրբության,
Խաղողի առաջ իջել է ծնկի:
Իսկ սերկևիլի բուրմունքից անուշ
Թիթեռը ճյուղին
Թառել է անուժ՝
Դառնալով զոհը չքնաղ պատրանքի:
Նռերի կարմիր հատիկները ալ՝
Փայլուն՝ ինչպես լալ,
Կախարդող, հուզիչ
Ուզում են ճչալ
Իրենց քաղցրատուրփ կրքերից, հույզից:
Մայրացա՜ծ աշուն,
Բուրմունքո՜տ, նախշու՜ն,
Զուր չես ինձ գարնան
Կարոտից մաշում: