Բեմի վրա եմ
Կարծես
Ես հիմա,
Ինը հարկանի
Շենքի կտուրում...
Ու մեր թատրոնում
Ազատ տեղ չկա...
Ու մեր թատրոնում,
Այսօր իրիկուն,
Պետք է կայանա
Մեծ ներկայացում...
Առաջին շարքում
Նստած եմ
Հենց ես,
Որպես կարճատես,
Պատվավոր մի հյուր,
Ելել եմ կտուր
Ու նայում եմ ինձ
Իներորդ հարկից...
Ինչքան փոքրիկ եմ
Երևում վերից,
Երբ ամենօրյա
Իմ ներկայացման
Ավարտից հետո,
Աստիճանաբար,
Իջնում եմ ներքև
Ու քայլում
Մրոտ ասֆալտի վրա...
Միգուցե՞
Չիջնեմ
Էլ այսուհետև...
Ի՞նչ կլինի, որ...
Կմնամ այստեղ,
Իմ այս թատրոնում
Ուր ես ինձանից
Երբեք չեմ փաղչում,
Կամ էլ թաքնվում
Վարագույրից ետ,
Ուր միմոսաձև
Ժպիտը դեմքիս
Նետվում եմ ներքև,
Իհարկե կապված
Պարանով մեջքից,
Ու որտեղ նստած
Առաջին շարքից,
Ակնոցն աչքերիս,
Ելնում եմ ոտքի
Ու Ստանիսլավսկու
Միտքը կրկնում...
Վարագույրն իջավ...
Ու քանի դեռ կա
Իմ իսկ հորինված
Դահլիճում հնչող
Ծափողջույններով
Քողարկված մի պահ՝
Կարող եմ նետվել
Կտուրից ներքև,
Քանի կարճատես
Անձս չի տեսել
Ու չի գոռացել,
Որ չի հավատում...
Ինչքան փոքրիկ եմ
Ներքևից թվում
Իներորդ հարկում,
Երբ ներկայացման
Ավարտն է տրվել
Ու հրավիրված
Հյուրերը բոլոր
Հոդս են ցնդել
Իմ հրամանով,
Երբ ես,
Հետզհետե,
Իջել եմ ներքև
Ու քայլում եմ
Այս
Ասֆալտի վրա,
Իսկ ես,
Դեռևս,
Ակնոցն աչքերիս,
Իներորդ հարկում,
Իմ ներկայացման
Վերլուծությունն եմ
Իրականացնում...
9.07.11