Ուզում եմ լինել բացառություն և կանոնները բոլոր հերքել,
Բայց չհաստատել երբևիցե ձեր չգրված կանոնները այն,
Որ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում երբեք,
Իսկ գումարելիների գումարը միշտ հավասար է մոռացության…
Գալիքի առաջ մի երեխա եմ՝ գուցե դեռևս չունեցած:
Այս պատերազմում մնացի ես դեռևս չնետված նռնակ,
Թե մոռանում են, թող մոռանան, չեն հիշում, կհիշեմ ես, թքած,
Թե երեխա եմ, երբ մեծանամ, հիշողություն եմ ուզում դառնալ:
Էլ չվստահել ու չհավատալ ու սխալվել չեմ հասցնում,
Անցնում է պահը, ուղղում է մահը, Սատանան խաբում, ներում Աստված,
Բայց չեմ վստահում ո՛չ ժամանակին, ո՛չ Սատանային, ո՛չ Աստծուն,
Միայն սեփական իմ սխալների վրա եմ արդեն հույս դրած…
Կյանքիս օրերը արդեն հաշվված են արյամբ աշխատող հաշվիչ սրտով,
Գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվի դարձյալ,
Ո՞վ է հիշողը և մոռացողը ինձնից բացի դատողը, ո՞վ,
Թե գումարելիների գումարը միշտ հավասար է մոռացության…
Եվ լերդանում է քո ժամանակը և արյունն է քո հավերժանում,
Դու սովորում ես մոռանալ կյանքդ և իր դասերը սովորեցրած
Եվ ժամանակը ապրածդ կյանքը կարճ օրերի է բաժանում,
Բազմապատկում է տառապանքով, հանում ժամերը կորցրած…
Ուզում եմ լինել բացառությունը, որ կանոնները կջնջի,
Եվ չհաստատել ձեր չգրված կանոնակարգը սուտ ու կեղծ,
Բայց ո՞վ կլուծի ճակատագիր-դասագրքի վերջին էջի
Մեկ անհայտով հավասարումը, որտեղ անհայտը դու ես հենց:
Գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում երբեք
Եվ գումարելիների գումարը միշտ հավասար է մոռացության…
Բոլորս առանց բացառության մի օր, իհարկե, կմեռնենք,
Բայց չենք ապրելու մինչև մեռնելը բոլորս առանց բացառության:
Կմոռացվենք ինչպես խաղալիքը երեխայի տարիքն առած,
Ոնց որ պատերազմից հետո դեռևս չնտեված նռնակ,
Մոռանում են, թող մոռանան, չեն հիշում, ես կհիշեմ, թքած,
Թե երեխա եմ, երբ մեծանամ, հիշողություն եմ ուզում դառնալ:
Ռ. Վեհերյան