Այս նեղության մեջ աշխարհում լայն,
Այս լիության մեջ դատարկ կյանքի,
Ինձ միշտ կնեղի մի բան միայն,
Մի բան, որ սիրտս կդատարկի:
Որ չկա մեկը՝ կյանքս ապրի,
Հեղինակ լինի գրածներիս,
Ու ենթարկվի իմ ճակատագրին
Ու հարմար լինի ստացած դերիս:
Կարող է անգամ քնից տանջվես,
Եվ տեղերիս մեջ դառնաս ստվեր,
Թե ուրուներն են ճանճերի պես
Բզբզալով վրա տվել:
Խճճվել եմ իմ ճակատագրում
Ու գնացել եմ լրիվ ձեռից,
Ուրիշներիի կյանքով ապրում
Եվ հեղինակ չեմ գրածներիս:
Ու սովորած ստվեր լինելուն`
Ես՝ խավարից հոգնած այստեղ,
Ճանճի տեղ ուրվականներ քշում,
Եվ վարժեցնում եմ սիրտս շան տեղ:
Փնտրում եմ մեկին՝ կյանքս ապրի,
Լինի հեղինակ գրածներիս
Եվ տիրոջը իմ ճակատագրի,
Ով հարմար է ինձ տրված դերին:
Դժբախտության սխալ օրինակ,
Ես՝ երջանկության սխալ հասցե՝
Փնտրում եմ կյաքիս մի հեղինակ,
Ով ինձ պես դեռ ինձ չի հասկացել:
Փնտրում եմ մեկին՝ դերս խաղա,
Ու իմ փոխարեն մարդկանց ների:
Ապրող եմ փնտրում կյանքիս համար
Եվ մի հեղինակ գրածներիս:
Եվ եթե դու ինձ սիրես մի օր,
Թե մի օր հանկարծ դու ինձ ներես
Էլ մի հարցրու, իմացիր, որ
Դու ես հեղինակ գրածներիս:
Ռ. Վեհերյան