Ասում են՝ իբր պոեզիան մեռել է,
Թաղմանը գաղտնի ոչ ոք չկա,
Եվ արտասվում են լոկ պոետները՝
Շների նման փողոցն ընկած:
Գովում են մեկ-մեկ ընթերցողները,
Փշաքաղվում դեռ գուցե մի քիչ,
Քննադատելը վաղուց թողել են՝
Մեռածներից՝ կամ լավ կամ ոչինչ:
Քննադատները բոլոր լռում են,
Մահվան գաղտնիքը պահում են խիստ,
Խմբագիրները տպագրում են՝
Ամեն գիրքը նոր՝ հոգեհանգիստ:
Լեզվի կապերը արձակվել են,
Բոլոր խոսքերն են դարձել արձակ,
Եվ պոետները համարձակվել են
Դառնալ պատռված հոգու դերձակ:
Բայց կորցրել են հոգու հանգերը,
Ամեն երկրորդն է արձակագիր,
Շիրիմն է լոկ պոետի ընկերը,
Կհիշի խոսքը նրա անգիր:
Ինքնահողն արդեն կատարվել է,
Իզուր հանգերն են փոխվել լացի
Եվ ամբոխվել են անզոր տառերը
Տեսեք, եկել են հոգեհացի:
Տալիս են յոթը, պահում սուգը,
Իսկ նա համբերում է անտարբեր,
Մինչև որ կանցնի քառասունքը,
Որ ինքնակիզված սկսի ապրել:
Ռ. Վեհերյան