Եվ դու կունենաս մահվան առիթ,
Բայց և կգտնես կյանքի պատճառ,
Երբ մտածածդ կդառնա միտք,
Միայն չարածդ կլինի չար,
Երբ գործողությունդ դառնա գործ,
Երբ գոյությունդ դառնա գոյ,
Երբ փորձությունը դառնա փորձ,
Եվ էանա էությունը քո,
Երբ որ տեսակդ ստանա տեսք,
Եվ խոսացածդ դառնա խոսք,
Երբ կկրես հագովդ զգեստ,
Իսկ քո հոգում՝ մերկություն սոսկ
Այո՛, կունենաս մահվան առիթ,
Բայց կգտնես կյանքի պատճառ...
Եվ մտածածդ կդառնա միտք,
Միայն չարածդ կանվանվի չար...
Երբ ունեցածդ չլինի ունեցվածք,
Իսկ չունեցածդ լինի ավելորդ,
Երբ որ վազելդ դառնա վազք,
Իսկ բնությունը քեզ՝ բնորդ:
Երբ հուշը դառնա հիշողություն
Եվ խեղճը լինի սոսկ որպես խիղճ,
Իշխանը լինի իշխանություն,
Ոչնչությունը լինի ոչինչ,
Թո՛ղ, կունենաս մահվան առիթ,
Բայց կգտնես կյանքի պատճառ...
Եվ մտածածդ կդառնա միտք,
Եվ քո չարածը միայն՝ չար...
Եվ երբ որ ժամը դառնա ժամանակ,
Տարածքը դառնա տարածություն,
Եվ կատարվածը՝ միշտ կատարյալ
Իսկ սրբությունդ լինի սուրբ,
Երբ ինքդ վրադ կզարմանաս,
Որ չունես ոչ մի արդարացում,
Քանզի արդար ես, ու համարյա
Ճիշտ է, ինչ առաջ եղել է սուտ,
Եվ մտածածդ կդառնա միտք,
Ու լոկ չարածդ կլինի չար,
Թո՛ղ ունենաս մահվան առիթ,
Բայց կգտնես կյանքի պատճառ:
Ռ. Վեհերյան