Գրոհելով նենգ Ուոլլ Սթրիթը
և կամ էլ ինչպես մեծն Գեթսբի՝
ես վաճառում եմ ոսկե սիրտս,
որ շռայլ կյանք քեզ հետ սկսվի
մտնում եմ բոլոր խաղատները
քեզ շահելու վերջին հույսով,
թաղում եմ մեռնող տաղանդներս,
վատնելու կյանքը երկուսով
կշահեմ թեկուզ Ահեղ դատը,
եթե քեզ հետ գործարք կնքեմ,
թող Սատանադ կրի «Պրադա»,
դու ինձ եղիր շքեղ սքեմ
արի խմենք ռոմ և վիսկի,
արի խաղանք օտար խաղեր,
ընկերովի մահվան ռիսկը
վայելենք կյանքի փոխարեն
շտապիր, կյանքիս ոսկին սպառվում է,
դառնում եմ ես ավելի սթափ
ու թեև շտապ վաճառվում եմ,
վախճանվում եմ ավելի շտապ
թող բոլորին կանխիկ սիրել ես
ինձ ապառիկ էլ չես տրվել,
թե սրտիս տեղը լիներ «Ռոլեքս»,
կլինեի քեզ թանկ նվեր
իսկ եթե աճեր սրտիս գինը,
գուցե քո տեղը լիներ «Մայբախ»,
բայց թե լինեիր «Լամբորջինի»,
կքշեի ուղիղ դրախտ...
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարք