Բարգավաճում են դավաճանները,
Բարգավաճները՝ դավաճանում,
Իսկ վերջինները առաջիններն են,
Առաջիններ էլ չեն ճարվում:
Ինքնասպաններ են իսկականները,
Որոնք ապրում են անանուն,
Եվ բազմանում են ինքնասպանները,
Սակայն այդպես էլ չեն սպանվում:
Կրվում են միայն ընտրողները,
Ընտրվողները չեն տրվում,
Ընտրում են միայն տրվողները,
Իսկ ընտրյալները չեն ընտրվում:
Եվ աղտոտում են հողագունդն այս,
Ավելորդներն էլ՝ ավել անում,
Իսկ պակասները չեն պակասում, բայց
Ավելորդներն են ավելանում:
Մնացածները նորից մնում են,
Ցածերն են նորից վեր ջանում,
Առաջինները առաջանում են,
Բայց վերջինները չեն վերջանում:
Մեկը՝ երկուս, երկուսը տասը
Եվ լինելու են ավելի շատ,
Քառապատկվում է կյանքի իմաստը,
Բայց քառակի էլ դառնում անհայտ:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք