Եկեք խոսե’նք հիմա գլխավորի մասին՝
Հայրենիքից, հողից ու թշնամուց
Եվ նրանցից, ովքեր այդպես էլ բան չասին
Եվ քշվեցին խոսքից ինչպես քամուց:
Եկեք խոսե’նք՝ ինչպես ենք մենք հարգում իրար,
Հարբում ենք մեկմեկու խոսքից ոսկե
Մենք ժամանակ չունենք էլ գործերի համար,
Գործերը թող լռեն, իսկ մենք խոսե’նք:
Հայրենիքից, հողից ու թշնամուց անսիրտ
Եկեք խոսե՛նք, ապա եկեք խմե՛նք,
Եկեք խոսե՛նք հիմա գլխավորի մասին,
Որ գլխավոր լինենք ինքներս մենք:
Խոսքն է հիմա միայն մեզ դարձնում ազատ,
Եվ հարկավոր չեն մեզ գրեր ու զենք,
Ո՛չ իսկական ընկեր և ո՛չ էլ հարազատ,
Պե՛տք չէ ոչինչ, միայն եկեք խոսե՛նք:
Թեև խոսքից այդպես էլ բան չհասկացանք,
Իսկ խոսելուց անվերջ՝ թե ով ենք մենք,
Բայց չխոսելն է այժմ մեծագույն հանցանք
Եվ ծայրագույն պատիժ, թե չխոսենք:
Ռ. Վեհերյան