Իսկ ժամանակը արդեն էլ ոչինչ ցույց չի տալիս
Ոչ հիմարներին, ոչ խելոքներին, ոչ էլ նրանց,
Որոնք առաջ կամ հետ են
ընկել վաղուց դարից..
Ցույց չի տա ոչ ճիշտ և ոչ էլ սխալ,
հույս չունենաք:
Հիմա դարձել է ավելի արագ, խիստ ավելի,
Էլ թույլ չի տալիս, որ մենք իրենից
բան հասկանանք,
Ժամանակն ասես դուրս է սայթաքել
շավիղներից,
Իսկ մենք ծնվեցինք,
Որ չունենանք երբեք ժամանակ:
Բայց մեր կյանքերն են
ժամանակների ցուցահանդես,
Դարձել ենք կարծես
ժամանակների ցուցարարներ:
Եվ վռազում ենք, վազում, սլանում,
Շտապում այնպես,
Կարծես թե խեղդվող ժամանակին ենք
Փրկարարներ:
Ժամանակը միշտ ազատվում է
Իր վկաներից,
ապացույցներից
Կոտրելով կարծրատիպերն այդ կերպ,
Ցուցամոլները փոխարինում են
ժամացույցիներին,
Եվ ցույց են տալիս ժամանակն
իրենց ժամանակավրեպ:
Նոր ժամանակը նորույթից բացի ոչինչ չբերեց,
Եվ միայն նորն է մեզ կուրորեն ճանաչել ստիպել,
Բայց երբ ի վերջո ազատվենք
բոլոր կարծրատիպերից,
Կհասկանաք, որ ինքներս ենք հենց
կարծրատիպեր:
Իսկ ժամանակը մնացել է գեթ պահի հույսին,
Եվ հերթ են կանգնել վայրկյանները, որ
նետվեն անդունդ,
Ակնթարներն են խանգարում ահա
մեկը մյուսին
Եվ մոլորակն է կարծես անում
Ժամանակադուլ:
Եվ մենք էլ չունենք
անձ հաստատող անցյալի ապացույց
Եվ ոչ էլ ներկան կանխիկացնող
մի արժեթուղթ,
Ժամանակին էլ պետք չէ ո՛չ ժամ,
ո՛չ ժամացույց,
Քանզի իսկական ժամանակն է միշտ
Հավերժություն:
Ռ. Վեհերյան