СТАНЬ VIP
Владимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуАрхиепископ Микаел Аджапахян ответил Пашиняну

Նվիրեք ինձ մի բացակայություն

Նվիրեք ինձ մի բացակայություն,
Բացարձակություն, բացասում,
Լինեմ բացակա տարածությունում,
Ժամանակներում՝ բացարձակ
Ու բացասական բացառումների
համարձակության մի ցասում,
Լինելիության բացահայտություն
ու բացահայտում համարձակ:

Ինձ նվիրեցեք մի հիվանդություն ու
հիմարություն, չիմացություն,
Թողեք, որ լինեմ չիմացյալ հիվանդ
Իսկ ձեզ համար՝ իմացյալ հիմար
Եվ հիվանդության ու հիմարության,
չիմացության միացություն,
Ձեր չաղությունից տառապած միշտ,
իմ չարությունից՝ միշտ նիհար:

Նվիրեք նաև անորոշություն,
կանխորոշություն, ախտորոշում՝
Լինեմ անորոշ, բայց կանխորոշող,
կանխորոշված, կանխորոշիչ
Եվ ախտորոշված այս ախտահարույց
անորոշության գաղջ փոշում
Թող որ չլինի այդ կանխորոշիչ
ախտրոշումից զատ ոչինչ:

Նվիրեք հատուկ հասարակություն
և հասարակ մի հատկություն,
Որ հատկությունս հասարակացնի,
Իսկ հասարակը հատկացնի:
Նվիրեք ինձ ձեր սառնությունից
ավելացած մի տաքություն,
Որ մինչև վերջը կբարձրանա
ու կյանքիս հետ անհետ կանցնի:

Նվիրեցեք նաև մերկություն,
երկակիություն, երկարություն,
Չգոյության համար ավելորդ
և գոյության արժանի նյութ
Եվ եթե դեմ չեք՝ մի աներևույթ
ու մի ավելորդ ներկայություն,
Որով կչափեմ երկարությունս
ու մերկությունս աներևույթ:

Նվիրեցեք ինձ մի արհամարհանք
ու մի քամահրանք, մի անտեսում,
Թողեք վայելեմ արհամարհանքը
որպես մենության մի համեմունք
Եվ քամահրանքը, որ տարփանքի պես
միշտ առանձին են համտեսում
Եվ անտեսումը՝ անտեսանելի
չարչարանքներիս հավելում:

Բայց չէ, պետք չէ ինձ բացակայություն,
Բացարձակություն, բացասում,
Լինել բացակա տարածությունում,
ժամանակներում՝ բացարձակ
Ու բացասական բացառումների
համարձակության մի ցասում,
Լինելիության բացահայտություն
ու բացահայտում համարձակ:

Թեկուզ աշխարհի բոլոր գետերը
Աշխարհով մեկ հեղեղ դառնան՝
Թողնելով ընդմիշտ ինձ մեկուսացած
անմարդաբնակ մյուս ափում՝
Չէ՛, չեմ վախենում ոչ վարար գետից,
ոչ արագ գետից, ոչ մարմանդ,
Աշխարհը հեղած ու եղած-չեղած
վարար տգետից եմ սարսափում:


Ռ. Վեհերյան