Քո անունը, հեռախոսդ, քո հասցեն,
Քեզ գովազդող տողերը այս վազող,
Կյանքիս նման էլի կողքովս կանցնեն,
Ու կգտնեն հասցեատեր սազող:
Փողոցներում դեկորներին անխիղճ
Գիշեր-ցերեկ քո գովազդն են անում,
Սիրելը քեզ գովազդել է, էլ ի՞նչ,
Versace-ի, Dior-ի պես գլամուր:
Ու կզեղչվես, կգոյանա մեծ հերթ,
Քեզ կգնեն խանութներից գլամուր,
Կնոջ, սիրո, գայթակղության նոր բրենդ,
Հավաքածու կլինես ձմեռ-գարուն:
Բայց չեմ գնի խանութներից անտեր,
Չեմ վճարի ես քեզ համար թեկուզ
Սրտիս մեջ են քո գովազդը դրել,
Գիշեր-ցերեկ գովազդում է նա քեզ:
Ես քեզ արդեն կորցրած եմ գտել,
Քեզ գտել են էլի մարդիկ անթիվ,
Դու ինձ համար կյանքի-մահու մոդել
Եվ իմ միակ կյանքի-մահու խնդիր:
Սերդ արդեն սրտի համն է հանում,
Մեջ ընկնում, կյանքը թողնում կիսատ,
Եվ ուրիշներն էլ սոսկ գովազդ են անում`
Քեզ սիրելով ինձանից էլ վհատ:
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարք