Թողած ընկճախտ և սուիցիդ՝
Ես դուրս եմ գալիս քաղաք,
Անցորդներին անծանոթ այցի՝
Ամիրյան, Մաշտոցի պուրակ:
Բոլորը շուրջս ծանոթ մի քիչ՝
Իրար նման մահացու,
Եվ այնքան նման են բոլորը ինձ,
Որ ինձ էլ չեմ ճանաչում…
Փախչում եմ ծանոթներից հեռու՝
Անծանոթ մարդկանց կարոտ:
Դժվար է ապրել առանց մեռնելու,
Երբ մահն է անգամ ծանոթ:
Շնչասպառ հասնում եմ Թումանյան`
Թքած բոլորի վրա,
Մարդկանց հաշվելով միանման՝
Վազում դեպի Օպերա:
Քարշ տալիս ինձ Կասկադ հևիհև,
Հետո վազում քառասիրտ,
Կասկադով ելնում եմ երկինք՝ նայեմ
Աստծո ծանոթ երեսին:
Հետո իջնելու եմ քաղաք գուցե ես՝
Պտտեմ փողոցները սև.
Կիևյան կամրջի վրայով անցնելիս
Ձեռքի հետ ձորը գցվեմ:
Իսկ հետո, երբ վռազ Շամշյանը գա
(Հուսամ՝ չեմ լինի արդեն),
Փոխանցեք, որ եղել եմ սրիկա,
Եվ թող հետմահու ատեն:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք