Հոգնել եմ կյանքի հանգստի ստից,
Ապստամբ հոգով ապրելուց համեստ:
Ինձ դուրս հանեցեք այս ենթատեքստից,
Էլ չեմ հանդուրժում ոչ մի ենթատեքստ:
Նա համապարփակ հավերժ ստի գյուտ,
Ճշմարիտն է լոկ ենթատեքստից դուրս
Ձեր ենթաթեքստում ամեն ինչն է սուտ,
Երկինքն աղքատ է, իսկ հողը հարուստ:
Մերժվածը նա է, ով մեղքը մերժեց,
Սիրտը արժեք է, թե պինդ է քարից,
Արժեզրկումը ստեղծում է արժեք,
Անպատվությունը պատիվ է տալիս:
Բոլորն ինձանով իմ դեմ են զինվել
Եվ լեզուներով վերև են ճախրում,
Մեջքիս տեղ չկա, որ խրեն սվիններ,
Սվինները արդեն հոգիս են խրում:
Հասարակությունն է դարձել հատուկ,
Շատը նրանք են, որ ունեն ավել,
Մարգարիտները խոզն է գնհատում,
Տաճարում լիքն են անհավատ հավեր:
Ճշմարիտն է իմ մահվան գործակից,
Հիմնվել են կեղտոտ ճշտերի բանտեր,
Եվ առնետները դուրս պրծած ծակից
Մարդկանց համար են լարել թակարդներ:
Այդ ենթատեքստում ճիշտն է միշտ ստից,
Իսկ մնացած ամեն ինչն է սուտ,
Ամենաթող սուտն է սրտից,
Ինչն էլ որ սուտ չէ, միայն աբսուրդ:
Փորձառու կեղծողն է թվում անկեղծ,
Անկեղծությունը անփորձ՝ կեղծիք:
Մերձավորներն են միշտ մահամերձ,
Աստվածակեղծ է եկեղեցին:
Լոկ մշակույթը մնաց անմշակ,
Մշակողները մշակ են դառնում,
Եվ սրիկան է թելադրում ճաշակ,
Իսկ ապուշները գրի են առնում:
Մենք երկինքն անգամ չտեսանք կարգին,
Մեր երկինքներն են տապալվել գետին,
Ճակատագիրը՝ հզոր մի կարկին,
Վերադարձնում է ելման կետին:
Դուրս եմ պրծնում կյանքի հագուստից,
Չկա աշխարհում ինձ սազող զգեստ,
Ինձ դուրս հանեցեք այս ենթատեքստից,
Էլ չեմ հանդուրժում ոչ մի ենթատեքստ:
Ռ. Վեհերյան