Անվանիր ինձ ինչ գործիք որ կուզես,
Սրտիցս դուրս քաշիր գաղտնիքս:
Ձևացրու՝ իբր ծանոթ եմ քեզ
Ավելի լավ, քան ինձ ինքս:
Կան ավելի լուրջ հարցեր անթիվ
Քան թե լինելն ու չլինելը,
Ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ՝
Ստրկացած ծառա՞ն, թե՞ ստրուկ տերը:
Մտիր կուսանոց: Ինչո՞ւ ես ուզում
Մեղավորներ աշխարհ բերել:
Մի մասին միայն չարն է սազում,
Մնացածները չունեն դերեր:
Ես շատ հպարտ եմ քինախնդիր,
Ավելի շատ են չարություններս,
Եթե ուզում ես, հանգիստ ստիր,
Սակայն մի մտիր հոգուցս ներս:
Այս աշխարհում ես ողջ կմնամ,
Քանի դեռ կուտեն մարդիկ իրար,
Եվ ինչու, ուրեմն, ինձ նման
Էակներ քարշ գան երկրի վրա:
Ես կապրեմ ինչպես մի ավատար,
Որի մարմինն իսկական սատկել է,
Մեզնից ոչ ոքի չհավատաս՝
Մենք առաջնակարգ սրիկաներ ենք:
Կյանքը՝ շարունակվող սուիցիդ
Կաթ-կաթ կխմենք դառը թույնը,
Երկար կխոսենք, բայց առանձին,
Իսկ մնացյալը լռություն է:
Իսկ դու ուզում ես վրաս նվագես,
Սրտիցս դուրս քաշես գաղտնիքս,
Ձևացնել՝ իբր ծանոթ եմ քեզ
Ավելի լավ, քան ինձ ինքս:
Երևակայում ես, իբր թե գիտես
Իմ նոտաները և բարձր և ցածր:
Սրինգ նվագել չիմացող լրտես՝
Այդ մեկը արդեն չափազանց էր:
Եվ օրինավոր բանտի մեջ այս
Կարծում ես, թե դա այդքան դյուրի՞ն է,
Դու կարող ես ինձ խափանել, բայց
Նվագել վրաս անհնարին է:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք