Ոչինչ չեմ հիշում, պատմեք հիշեմ,
Ինչե՞ր եմ արել, ինչեր, ինչեր եմ..
Հերն էլ անիծած, թե շատ ուշ է,
Բայց ցավերս հին հիշել, հիշել եմ…
Պատմեք՝ ինչպես եմ եղել հարբած
Եվ ինչպես սիրտս խռով թափել եմ,
Եվ մենությունս հարյուր տարվա
Գինու շշերով չափել, չափել եմ…
Խմիչք է պոեզիան ոգելից,
Եթե պոետ եմ, ակամա եմ,
Գուցե դուք պարզեք իմ տողերից
(Ոչ մի նոր բան), որ սրիկա եմ:
Հարբել էի ես, որ չմրսեմ,
Բայց սիրտս էլի դողացնում է,
Իմ սերը թողել եմ ձեր հույսին,
Իսկ հույսս վաղուց աղբանոցում է:
Ման կգամ հույսս բոմժի նման,
Կգտնեմ միայն դատարկ շշերը,
Ինձ միայն աղբը կմնա,
Մեկ էլ անիմաստ հիշել, հիշելը:
Ոչինչ չեմ հիշում, Մուսաս բժիշկ
Ախտորոշել է սուր ամնեզիա:
Եվ ոչինչ չունեմ ձեր դեմ դույզն իսկ,
Անձնական ոչինչ՝ միայն պոեզիա:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք