Իսկ գուցե այդ դու ես, դու ես, դու ես
Աշխարհում եղել ինձնից առաջ:
Ինձանից առաջ եկած հյուրս՝
Տիրոջն աշխարհին հյուր դարձրած:
Եվ գուցե դու ես, դու ես, դու ես
Աշխարհը կապտել ինձնից առաջ՝
Ինձ չթողելնելով ոչ մի հույս
Եվ ոչ մի պարգև Աստծո տված:
Հիմա իմ միակ պարգևը դու ես,
Միակ պարգևս քեզ ես թողել...
Աստված գիտի, թե քանի հոգու ես
Ինձանից առաջ պարգև եղել:
Գուցե նախօրոք եկել ես ինքդ,
Ինձ համար ստեղծել ուրիշ կարգեր,
Աշխարհի վրա կախել երկինքդ,
Հուսահատ սեր անձրևից սարքել:
Ով գիտի ում հետ, երբ, ինչպես
Թողել ես սիրո բյուր նշաններ,
Որ մարդիկ սիրեն միմիայն քեզ՝
Նորաձև ինչպես Կոկո Շանել:
Իսկ թե ամեն բան քո ձեռքերում է,
Այս ի՞նչ աշխարհ ես դու կառուցել,
Քո աշխարհի մեջ մարդիկ մեռնում են,
Որ թաղումներ լինեն նորաձև:
Քո այս աշխարհում մարդիկ հեռու են,
Քանի քանիսն են անձայն անցել…
Քո այս աշխարհում կյանքը եռում է,
Բայց մահն է այստեղ միշտ նորաձև…
Աշխարհում ամեն բան հագել ես
Եվ ամեն ինչից շորեր կարել,
Ու թեև ինքդ էլ Աստծո պարգև ես,
Իբրև պատիժ եմ քեզ կրել:
Ով գիտի, ում հետ, երբ ինչպես
Եվ ինչից ես դու աշխարհ շինել,
Ուր մարդիկ միմիայն կսիրեն քեզ
Նորաձև ինչպես Կոկո Շանել:
Եվ գուցե այդ դու ես, դու ես, դու ես
Ուղարկվել աշխարհ ահեղ դատից,
Որպեսզի լինես, մեղսավոր քույրս,
Ինձ համար դու նորաձև պատիժ…
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարք