Աշխարհս լցվել է նորից,
Մեռնելու ոչ մի տեղ չկա:
Եվ թույլ է տրված բոլորիս,
Թե կարող ենք, լինել սրիկա:
Շտապում են բոլորը գործի,
Երբ չկան գործեր իսկական,
Երբ ոչ ոք փրկվել չի փորձի,
Անգամ վերջին սրիկան:
Իզուր են ասում. «Լույս բարի»:
Բարին հենց խավար է որ կա,
Իսկ լույսը գեթ այն կլինի,
Որ թողեն լինել սրիկա:
Թող սիրեն միևնույն աղջկան,
Թող որ նա ոչ ոքի չսիրի,
Թույլ տա բայց լինել սրիկա,
Ավելի լավ սեր չի լինի:
Ավելորդ, թե բարի, թե չար,
Տարբերություն էլ չկա,
Երբ այդպես սիրում են իրար
Եվ թողնում լինել սրիկա:
Երբ որ շատ են այսքան աշխարհում,
Իսկ Աստված էլ վաղուց չկա
Եվ միայն մի բանի են սպասում,
Որ թողնեն լինել սրիկա...
Իսկ եթե պատահմամբ լինի,
Եվ մի օր վեր կենա ու գա,
Կփրկվեն հաստատ նրանից,
Թե լինեն կարգին սրիկա:
Եվ որտեղ էլ, ուր էլ գնամ,
Նրանցից ազատում չկա,
Բայց ինչքան եմ նրանց նման,
Նրանց պես անպետք սրիկա:
Ռոբերտ Վեհերյան. "Թույլ տվեք լինել սրիկա" շարք