Կա միայն միաբանված ազգ,
Եվ պառակտված անհատներ անգո,
Կա միայն խաբվածների պատերազմ,
Եվ սադրիչների ստատուս քվո:
Կա պատասխան ամեն հարցում,
Եվ ամեն ստում մի բաժին ճիշտ,
Կա միայն պարտվողների հանրություն,
Հաղթողը իշխանություն է միշտ:
Կա համոզմունք, երբ չկա վարկած,
Կա լոկ հավատ ու միայն հարկեր,
Կա միայն մեռնողների Աստված,
Անաստվածները գիտեն ապրել:
Կա լոկ քանակ, չկա որակ,
Միայն կույրեր, այլ ոչ գաղտնիք,
Եվ մոլորյալների մոլորակ,
Ուր ոչինչ երբեք չես գտնի:
Lոկ ուրիշներ կան (չկաս մենակ),
Որ կասկածում են, թե կա՞ս արդյոք,
Կա միայն ապուշների համայնք,
Որտեղ ապուշ է ամեն խելոք:
Կա միայն խոսք, չկա պայքար,
Կա միայն ուրիշների կարծիք,
Թեկուզ բոլորը լինեն ընտրյալ,
Կան միմիայն ավելորդ մարդիկ:
Ռ. Վեհերյան