Դու արյունահեղ, զեխ ու անմեղ ես,
Կյանքից ավել ես ու մահվան կես:
Դու սատանային գայթակղել ես,
Սատանան հոգին ծախել է քեզ:
Դու հլու, հուրի, հեռու, հոռի ես,
Սատանայի հետ խաղում ես մեղք՝
Եվ տանուլ տված խաղամոլի պես
Մնում ես դատարկ ու կիսամերկ:
Եվ երբ որ էլի հոգիդ եռում է,
Խնդում ես վայրի ու անհոգի,
Իսկ երբ դու խնդում, մեկը մեռնում է,
Խելագարվում է հարյուր հոգի:
Կիսախելագար հրեշտակներդ,
Խաղում են խեղված դևերի հետ:
Եվ քո վայրենի հեշտանքները
Սարքում են դևից փորձի առնետ:
Ոտքերով տրվում, սրտով խլում ես,
Շրթերովդ սուրբ ստեղծում նոր մեղք:
Դու հեռու, հոռի, հուրի, հլու ես,
Հոգով սևազգեստ, մարմնով մերկ:
Եվ քո կիսաբաց լուսամուտները
Կանչում են նորից մեղքերի մեջ:
Դու՝ լուսաբացից մինչև մթնելը
Կիսահրեշտակ, կիսահրեշ:
Ռ. Վեհերյան. "Նորաձև ինչպես Կոկո Շանել" շարքից