Իսկ ես՝ ձեր խաղում չբացված Ջոկեր՝
Կորցված անհայտ ձեր քարտերում,
Ինձնով չի խաղա արդեն ոչ ոք էլ,
Չեմ լինի երբեք ես իմ դերում:
Ձեր ձեռին քարտ եմ զորեղ, բայց փոքր,
Իսկ խաղացողներ չկան կարգին,
Ձեր կյանքը՝ առանց խաղաթուղթ պոկեր,
Իսկ ես՝ խաղաթուղթ առանց կյանքի:
Դուք բաժանում են քարտերը խառը,
Եվ ձեզ գալիս են անվերջ այցի,
Սրտերը, խաչը, դափերը, ղառը՝
Հերթով բոլորը ինձնից բացի:
Բոլորիդ համար այնքան հասու եմ,
Սակարկում եք դուք, անում եք բլեֆ,
Բայց ձեր կապոցում դեռ սպասում եմ՝
Դուրս պրծնելու չկա մի ձև:
Ահագնանում է իմ պարապուրդը,
Կան ինձ ծածկող քարտեր այնքան,
Ես դեռ չբացված մի հաղթաթուղթ եմ,
Առանց որի են հաղթում սակայն:
Շարունակվում է ձեռքերի խաղը,
Դուք ինձ այդպես էլ չեք ջոկել,
Խաղաքարտերն եք խառնում խառը,
Եվ մնում եմ միշտ կորած Ջոկեր:
Ռ. Վեհերյան