"Ночь, улица, фонарь, аптека..."
А. Блок
Գիշեր, փողոց, թափառական քաղաք,
Հրապարակ, խանութ, մարդիկ այնտեղ են
Նայեք, տեսեք՝ ինչպես քաղաքն ահա
Շան պես թափառական ամորձատել են:
Ցերեկ, շուկա, փողոց, հանրախանութ,
Կայարաններ, ճաշարաններ, մետրո,
Երթուղիներ, մայրուղիներ բանուկ,
Անբան մեքենաներ՝ անցնող հերթով:
Իսկ ո՞ւր է նա եղել գիշերն, արդյոք.
Գիշերն ամբողջ քաղաքը թափառել է,
Եղել է Փարիզում, հասել Նյու-Յորք,
Առավոտյան նորից տեղից թառել է:
Ցրել է մեզ քաղաքը մարդասպան,
Թույլ չի տալիս լինել իրար կողքի էլ,
Դահիճ մենակությունն է ապաստան,
Ուրվականներն ամեն քայլափոխի են:
Դուրս են եկել շրջայցի քաղաք
Ավտոների տեսքով ուրվականները,
Ինքներս մեզանից հազիվ փախանք,
Բռնել են մեզ սակայն սրիկաները:
Թափառական քաղաքը հարբեցող,
Բենզին խմել ու մեզ գազով վառել է,
Պատվի առնում են մեզ, սակայն քացով,
Քաղաքն են խմացրել շատրվանները:
Սրճարաններ ապրող իրենց կյանքով,
Եվ ուրիշի կյանքով՝ հաճախորդները,
Հյուրանոցում դարձած հյուրեր անփող,
Եվ կամ հետիոտն, կամ էլ վարորդներ են
Պայքարողներ, որոնք գիտեն հաշտվել,
Տանել հաղթանակից բացի ամենը
Եվ չգիտեն կարդալ, միայն հաշվել,
Բացառապես՝ որքան է իրենց գինը:
Գիշեր, փողոց, թափառական քաղաք,
Հրապարակ, խանութ, մարդիկ այնտեղ են
Նայեք, տեսեք՝ ինչպես մարդկանց ահա
Շան պես թափառական ամորձատել են:
Ցերեկ, շուկա, փողոց, հանրախանութ,
Կայարաններ, ճաշարաններ, մետրո,
Երթուղիներ, մայրուղիներ բանուկ,
Որ նույնը կլինեն մեզնից հետո…
Ռ. Վեհերյան