Նա ունի մեքենա, աշխատանք, սիրեկան,
Սրճագույն աչքեր ու գանգուր մազեր,
Զույգ ոտքեր ունի նա իմ կյանքից երկար,
Որոնցով ընդունակ է աշխարհ շարժել:
Նա վարում է մարդկանց ինչպես իր մեքենան,
Եվ ծախսում է իր կյանքն ինչպես հեշտ փողեր,
Հեռուստացույցի ալիքի նման
Աչքերով ընդունակ է աշխարհ փոխել:
Նա ունի աշխատանք, սիրեկան, մեքենա,
Եվ բնակարան, դեռ մի բան էլ ավել,
Թանկանոց հագուստներ, որոնցով մերկ է նա,
Իսկ առանց որոնց թանկ է առավել:
Գիշերները զբաղվում է խրոնիկ սիրով,
Ցերեկներն առանց սեր շնչում հազիվ,
Իր ամեն ակնթարթը կյանք մի նոր՝
Ռեպորտաժ ինձ համար մի էքսկլուզիվ:
Նա ունի սիրեկան, մեքենա, աշխատանք,
Հագուստներ, հեռախոս, կոշիկներ, զարդեր,
Ժամացույց թանկարժեք, բայց ոչ ժամանակ,
Որով կարող է իր կյանքը չափել:
Ռ. Վեհերյան