ԵՍ ԱՅՆՏԵՂ ՉԷԻ…
Ես այնտեղ չէի լոկ ֆիզիկապես,-
Չէին խլանում իմ ականջները դղրդոցներից,
Չէին կուրանում աչքերս փոշոտ՝ կրակ-լույսերից,
Եվ իմ սիրտը չէր վրեժի բոցով վառվել-մոխրացել,
Կամքն էլ իմը չէր, որ դուրս էր ժայթքել դարավոր քնից:
Հրաձիգը պինդ ձեռքում սեղմողն էլ՝ ես չէի այնժամ,
Ես չէի նաև մտքին դնողը. "վերջին փամփուշտը՝ թշնամու համար..."
Աչքերն արյունոտ, Հոգին՝ պարզամիտ,
Վերջին գրոհով,
Հաղթանակ տանող հայորդին չէի,
Իր միակ ուխտը. « հայրենի իմ հող», -
Աղոթքի նման լուռ շշնջացող,
Հանուն իր նախնյաց փառքի ու պատվի,
«Ի զե՜ն» գոռացող ու առաջ նետվող,
Թշնամուն քշողն էլ՝ չէ', ես չէի,
Հանուն իր խղճի,
Հանուն սուրբ հողի,
Հանուն իր որդոց
Շուշին ազատող մարտիկը չէի...
Բայց մեջն էի ես մի կաթիլ արյան նրա երակում,
Որը թափվում էր սրբազան հողում առանց վախ ու դող...
Փա՜ռք քեզ իմ մարտիկ, ազատամարտիկ,
Ես քեզ հետ չէի ֆիզիկապես, լոկ:
Իմ ողջ էությամբ քեզ հետ էի ես
Իմ հայոց հերոս...
Ռ.Խաստյան