СТАНЬ VIP
Архиепископ Микаел Аджапахян ответил ПашинянуThe Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуСамвел Карапетян возглавил новую партию Сильная АрменияВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласился

Մտորումներ

Բավական երկար եմ ապրում:
Եվ տարօրինակն այն է, որ կյանքիս ընթացքում ավելի շատ եմ հանդիպել դժբախտ մարդկանց, քան երջանիկների:
Բանական մարդ լինելով՝ բնականաբար, ուզեցել եմ այդ ոչ բարով երևույթի պատճառներն իմանալ:
Սկսել եմ ավելի ուշի-ուշով դիտել և մտովին ապրել իմ բազմաթիվ ծանոթների կյանքը, որպեսզի հասկանամ. ի՞նչ է իրենից ներկայացնում այդ երջանկություն ասվածը... և ինչպե՞ս է լինում, որ այն՝ ո'չ բոլորին է բաժին հասնում, և ի՞նչ ջանքեր է պետք գործադրել՝ ձեռք բերելու համար սեփակամ երջանկությունը:
Ու... չեմ հասկացել, մնացել եմ անպատասխան, ձեռնունայն ու շվարած:




Հազարավոր պատասխաններ կարելի է լսել նույնքան թվով մարդկանցից:
Այն է, թե. երջանկությունը սիրո մեջ է,(բնականաբար՝ փոխադարձ սիրո ), ինքնակայացման, ճանաչման և փառքի մեջ, հարստության և ընտանիքի, առողջության և իշխանության.... և այլ նմանօրինակ մանր ճշմարտությունների երկար մի շարանով փորձել բացատրել երջանկության իմաստն ու նշանակությունը , սակայն, այդ շարքի բաղադրիչներից և ո'չ մեկն էլ ինքնին չի' երջանկացնում մարդուն, եթե նա այդ զարմանահրաշ զգացումը չի պրպտում և հայտնաբերում ինքն իր մեջ:

Բացատրում եմ միտքս. տարիների ընթացքում եկա աներեր մի եզրակացության՝ երջանկությունը
աներևույթ ու անբացատրելի մի փոփոխական մեծություն է զգայականների շարքից, որը պետք է փնտրել սեփական հոգու ներսում և ի հայտ բերել: Նա շատ է փոքր, նման մի հյուլեի, և ամեն մարդ չէ, որ ի զորու է այն հայտնաբերելու իր մեջ, իսկ հետո էլ, տարիների ընթացքում՝ պահպանելու:

Եվ այդ զգագումը որքան ցանկալի է, նույնքան՝ սարսափելի, քանզի՝ այն քո մեջ հայտնաբերելուց հետո քո ամբողջ կյանքը վերածվում է մի մղձավանջի, այն է թե՝ ճակատագրի ինչ-որ մի հարվածով, կամ կյանքի՝ քո դեմ լարած մի որոգայթով, հանկարծ չկորցնես այն:
Ու սկսվում է քո այսպես ասած, "սարսափելի երջանիկ" կյանքը...

Սկզբում, երբ սկսեցի գրել սույն հոդվածը, նպատակ ունեի գրել ուրիշ ոլորտից: Բայց, չգիտեմ ինչու խոհերս ինձ տարան դեպի երջանկություն ասված առեղծվածը:

Հիրավի, դա նրանից է, որ նրան, ում մասին ուզում էի ի սկզբանե գրել, ինձ՝ սովորական մահկանացուիս համար, թվում էր երջանկությունը մարմնավորող մի անձնավուրություն: Այնինչ, նույն ինքը՝ ճակատագիրն այնպիսի մի հարված հասցրեց նրան, որ այլևս, նույնիսկ չափազանց մեծ վերապահումներով ես այդ մարդուն երջանիկների ցանկի մեջ չեմ կարողանա տեսնել:
Խոսքս դերասան Վարդան Պետրոսյանի մասին է:

Որպեսզի ընթերցողն ինձ ճիշտ հասկանա, ասեմ որ Վարդան Պետրոսյանը կար և մնում է ինձ համար բացառիկ տաղանդներով օժտված եզակի մի անձնավորություն մեր արդի հայ բեմական իրականության մեջ, որտեղ ի ցավ մեզ՝ հայերիս, ներկայումս լցված է ամեն տեսակի խաժումուժ և աստղային հավակնություններ ունի:

Չեմ ուզում քննարկել որևէ մեկի ճակատագիրն առանձին վերցրած, թեկուզ և դա լինի հանրաճանաչ մի անձ:
Դա ինքնին ստորացուցիչ երևույթ է և' քննարկողի, և' քննարկվողի համար:
Կասեմ միայն, որ երջանկություն ասվածը չափազանց անկայուն մի բան է, որն համառորեն հսկվում է նախախնամության կողմից: Եվ, Աստված մի' արասցե, հանկարծ ինչ-որ մեկն հանդգնի իր բաժնից մի քիչ ավելի չափաբաժին երջանկություն ճանկել ճակատագրի երախներից...
Որտեղից-որտեղ, կայծակնային արագությամբ վրա կհասնի նույն ինքը՝ նախախնամությունը, և այնպիսի մի հարված կհասցնի հանդգնողի ճակատին, որ նա՝ այդ անմիտտն ու անհեռատեսը, կամովին կհրաժարվի նաև իր՝ իրավամբ հասանելիք բաժնից, միայն թե կարողանաս լիաթոք շնչել...
Համոզված եմ. այսուհետ ինչպիսին էլ լինի պարոն Պետրոսյանի ճակատագիրը, նրան չի հաջողվի լիաթոք շնչել, քանի որ անհնար է, նույնիսկ՝ մտովին, հեռացնել կրծքի վրա ծանրացած բեռը, որն առաջացել է շատ ծանր հարվածից, նույն ինքը՝ դժբախտ պատահարի հետևանքից:

Շատ է երկարում իմ այս հոդվածը: Պատճառներից մեկն այն է, որ չափազանց դժվարանում եմ համակարգչի օտարալեզու ստեղնաշարի վրա հավաքել մեր գեղատեսիլ տառանիշերը:
Միտքս շատ ավելի առաջ է թռչում, քան մատներս հասցնում են հավաքել բառերը, և ի վերջո հոդվածի մեջ չի գրվում այն, ինչն ի սկզբանե ծրագրել էի:

Ուստի՝ ստիոված եմ վերջացնել այն, վերջում գրելով ամենակարևոր մտքերիցս մեկը. երջանիկ լինելու համար մարդ պետք է կարողանա հաշտ ապրի... ինքն իր հետ...
Այլապես՝ ամեն ինչ - ոչ ու փուչ կթվա, ժողովրդի խոսքով ասած՝ այս լեն ու բոլ աշխարհում:

Ռ. Խաստյան