Ի՞նչը հիշեմ.
Առավո՞տը,
Սուրճի բու՞յրը,
Թե՞,
Մետաքսի նուրբ զեփյուռը,
Զուսպ ու անկիրք քո համբույրը,
Ոգեշնչանքիս աղբյուրը,
Որ հայացքիդ մեջ էր կորել,
Եվ, որի
Հմայքով տարված՝
Մինչև օրս... որոնու՜մ եմ...
Ք Ե Զ...
Ի՞նչը հիշեմ.
Երբեք պատիցս չկախված
Քո նկա՞րը,
Մատնեմատին իմ չհագցրած
Ամուսնական իմ մատանու
Չեղած քա՞րը...
Թե՞
Հայացքը քո կոտրված,
Կամ՝ մոլորված,
Որը,
Չգիտես թե ինչու,
Իմ դեմ թառած՝
Դեպի հեռուներն էր հառված...
Ի՞նչը հիշեմ.
Կամ՝
Գուցե պետք է հիշեցնե՞մ,
Թե ինչքա՜ն մռայլ է կյանքը
Կնոջ՝ լքված...
Եվ կամ ասեմ՝
Անհնար է ջերմացնելը
Ծոցը սառած...
Ո'չ:
Ո'չ մի բան չե'մ հիշեցնի:
Կասեմ միայն.
Անհնար է ապրել կյանքն այս
Ամբոխի մեջ
Ու...
Մ ի ա յ ն ա կ
--
Ռ.Խաստյան