Մի շիկահեր ամռան ծաղիկ
Շնչահեղձ էր լինում... կյանքից:
Իսկ ճամփեզրին՝
Վարար գետը իր վարսերը
Պոկռտում էր ակունքներից,
Թե ի՜նչ՝ նրա առվակների
Սառ ջրերը
Վազե ի վազ
Հասնե'ն ծաղկի երազներին,
Ու այն քնքուշ, նուրբ էակը
Չանհետանա այս աշխարհից...
Մի շիկահեր ամռան ծաղիկ
Մինչև հիմա
Կնոջ դեմքով
Լուռ ժպտում է առվակներին: