Ձմեռ է: Ձյուն է:
Գարունը գալու՞ է:
Մերկ ծառերը զարդարվելու՞ են:
Դեղձենու իրանը կարմրին կտա՞:
Առվի ջրերը ուրախ պար կգա՞ն:
Կհասնե՞ն երազներս լեռան գագաթին:
Չե՞մ մնա շվարած սիրո կարոտից:
Օրե՞նքն է կյանքի.
Բոկոտն քայլողը այլ կե՞րպ է նայում մանրաքարերին:
Գարնան ծաղկունքը կդառնա՞ տիրակալն աշխարհի:
Հաճա՞խ է մոշին աճում է եղինջների մեջ:
Քաղցրությունը դաղու՞մ է մեջընդմեջ:
Ծառերի սաղարթներում խնձորները կնմանվե՞ն դեղին ծաղիկների:
Երաժշտության պես կհնչի՞ հաչոցը անչար շնիկների:
Հանգստություն կգա՞: Ինչպե՞ս:
Երջանկությու՞ն: Միանգամի՞ց: Գարնան պե՞ս:
Դրսում ձյուն է ու ցուրտ:
Հոգումս՝ տաք, բայց մութ:
Քինոտ, եսասեր, անդուր ու երկար է ձմեռը:
Գարունն է միակ երազածս Ամանորյա նվերը:
Զարմանալի է.
Արտասվելիս՝ տեսողությունս լավանում է:
Արցունքներն իմ, երևի, ոսպնյակների դերում են:
Ուժգնանում է քամին:
Կթողնի՞ որ ծաղկեն խնձորները դեղին:
Տարորինակ է.
Շղթաների ձայնը զանգերից ղողանջուն է:
Սա իրականությու՞ն է:
Երևակայությու՞ն է:
Չգիտե՜մ...
Գիտեմ միայն. դրսում ձմեռ ու ձյուն է:
Բոլոր ծառերը...
Ո'չ, սպիտակ չե'ն:
Գորշ կամ դարչնագույն են:
Տխուր եմ:
Բայց, գարունը գալու է...