Ա՜Խ, ԻՆՉ ԼԱ՜վ Է...
Ա՜խ, ինչ լավ է,-
Սիրուս մասին դու չգիտես...
Թե չէ...
Թե չէ՝
Ժամում
Հազար անգամ կմեռնեի՜ր...
Սարսափելի խ ա ն դ ի ց...
...Կխանդեիր նստած իմ աթոռին,
Կխանդեիր սուրճի իմ բաժակին,
(Որ զզվել է արդեն օրվա մեջ իր շրթին հասնող իմ բազմաթիվ համբույրներից),
Կխանդեիր հովին, որ շոյում է թախծոտ դեմքս,
Ու արևին կխանդեիր, որին հառել եմ աչքերս,
Ծիտիկներին, որոնց մշտական ժպտում եմ,
Իմ հույզերին, որոնց հետ խելահեղ պատերազմում ու կռվում եմ...
Նաև՝ գրկում ու օրորում,
Երբեմն՝ կիպ-կպած պարում կամ շորորու՜մ...
Կխանդեիր նույնիսկ շուքիս՝
Որն աչքերը չռած՝ հետևում է իմ ամե'ն մի քայլին...
Ախ, ինչ լավ է, որ չգիտես սիրուս մասին...
Ու չե'ս խանդում:
...Ու չես խանդում իմ մտքերի հոծ բանակին,
Որ ամեն ժամ
Քո մտքերի դեմն եմ ղրկում՝
...Պատերազմի...
Ռ.Խաստյան